ԵԽԽՎ-ի թուրք նախագահ Մելութ Չավուշօղլուն, ով բավական շուտ-շուտ է մոռանում, թե ինչ կառույց է ներկայացնում, հերթական անգամ ադրբեջանա-թուրքական կողմնակալ հայտարարությամբ է հանդես եկել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Մեւլութ Չավուշօղլուն, ավարտելով իր Ստոկհոլմի հանդիպումները, մեկնել է Գյոթեբորգ, որտեղ մասնակցել է մի կոնֆերանսի, որի մասնակիցներից է եղել Շվեդիա-Թուրքիա խորհրդարանական բարեկամության հանձնաժողովի նախագահ, շվեդական իշխող կոալիցիայի անդամ «Մոդերատ» կուսակցության պատգամավոր Գորան Լինդբլադը, ով նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողն է:
ԵԽԽՎ-ի թուրք նախագահը նշել է, թե Թուրքիան զարգացնում է հարաբերությունները, թե արեւմուտքի, թե արեւելքի հետ եւ հավելել. «Թուրքիան ցանկանում է բոլոր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորել: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ամենակարեւոր պայմանը` Հայաստանի կողմից «բռնազավթած ադրբեջանական հողերի» ազատումն է: Եթե Հայաստանն այս պայմանը կատարի, նրա հետ էլ մեր հարաբերությունները կկարգավորենք»: Նա հիշեցրել է, որ Թուրքիան միշտ օգնել է եւ էլի շարունակելու է օգնել Ադրբեջանին:
Իր հերթին, Գորան Լինդբլադը, հիշեցնելով սեպտեմբերի 19-ի Շվեդիայի խորհրդարանական ընտրությունները, նշել է, թե այս տարվա մարտի 11-ին շվեդական խորհրդարանում Հայոց ցեղասպանության օրինագիծն անցկացրած ձախ բլոկի կուսակցությունները ցանկանում են Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը մտցնել ԵՄ եւ ՄԱԿ: Նրանք այդ հարցում արդեն պայմանավորվել են եւ ցանկանում են նույնիսկ դպրոցական դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանությունը: Նրանց նախաձեռնությունները տապալելու համար ձեր ձայները տվեք «Մոդերատ» եւ մյուս աջ կուսակցություններին»-ամփոփել է Գորան Լինդբլադը:
Արթուր Հակոբյան




























