Իրանի 43-ամյա բնակչուհի Սակինե Աշտիանիին, որին մահապատիժ է սպառնում, դատարանը լրացուցիչ հրապարակային գանահարման է դատապարտել, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:
Իրավապաշտպանների տեղեկություններով, մտրակի 99 հարվածը նշանակվել է, երբ բրիտանական The Times թերթում հրապարակվել էր նրա գլխաբաց լուսանկարը:
Ընդ որում, The Times-ի խմբագրությունը պնդում է, որ թեեւ լուսանկարի տակ գրված է Սակինե Աշտիանիի անունը, իրականում լուսանկարում իրանցի ակտիվիստ Սյուզան Հեջրաթն է, ով բնակվում է Շվեդիայում: Սխալը պարզվել է հրապարակումից հետո: Լուսանկարը թերթին հանձնել է Աշտիանիի նախկին փաստաբան Մոհհամադ Մոստաֆային, ով, իր խոսքով, լուսանկարը ստացել է նախկին պաշտպանյալի որդուց, հաղորդում է Lenta.ru-ն:
Սակինե Աշտիանին 2006թ. մահապատժի է դատապարտվել քարկոծման միջոցով` ամուսնական դավաճանության եւ ամուսնու սպանությանը մեղսակից լինելու համար: Փաստաբանները պնդում են, որ կինն իրեն մեղավոր է ճանաչել ճնշման տակ:




























