12-ամյա Մարտին Բալյանին ծեծի ենթարկելու գործն արդեն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ի տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մխիթար Սարգսյանն օգոստոսի 30-ին ժամը 16:00-ի սահմաններում առանձին դաժանությամբ դիտավորությամբ անչափահաս Մարտին Բալյանին ծեծի ենթարկելով նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Մխիթար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նա կալանավորված է:

Գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որդու ընկերոջը` 12-ամյա Մարտին Բալյանին, ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանը հոկտեմբերի 19-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստում որոշմամբ երկամսյա ժամկետով կալանավորվել է։ Մեղադրյալն այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է:

Նշենք, որ Մխիթար Սարգսյանի դեմ բողոքը հետ էր վերցվել, սակայն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ եւ առանձին դաժանությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ:

Մեզ հետ զրույցում 12-ամյա Մարտինի մայրը՝ Լալա Բալյանը հայտնել էր, որ ներել է  Մխիթար Սարգսյանին եւ հետ է վերցրել բողոքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 12-ամյա Մարտին Բալյանին բակում ծեծի էր ենթարկել ընկերոջ հայրը՝ 36-ամյա Մխիթար Սարգսյանը, որին երեք տարվա ազատազրկում է սպառնում: Մարտինը ստացել էր քթի կոտրվածք, գանգուղեղի ցնցում: