Երեւանի քաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 1-ին վրաններ տեղադրելու վերաբերյալ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» ներկայացրած դիմումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց շտաբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Մենք դիմել էինք, իրենք մեր դիմումն ուղարկել են Մշակույթի նախարարություն, որը պատասխանել է, որ նախարարը դեմ է վրաններ ու տեղադրելու՝ պատճառաբանությամբ որ Օպերան հուշարձան է եւ այն կարող է վնասվել վրաններ տեղադրելու հետեւանքով»,- ասաց նա՝ նշելով, որ սա իրենք համարում են իրենց իրավունքների ոտնահարում:

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ վրանների տեղադրելու հարցը վերջնականապես պարզ կլինի հանրահավաքի ժամանակ:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում համապետական շուրջօրյա հանրահավաք է անելու: Հանրահավաքով սկիզբ է դրվելու իշխանափոխություն իրականացնելու եւ ժամանակավոր կառավարություն ստեղծելու գործընթացին: