Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր 500 հազ. դրամով (մոտ 1350 դոլար) տուգանեց պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ա. Ավետիսյան ԱՍԱ» ընկերությանը՝ հանրահայտ ապրանքանիշերը ապօրինաբար օգտագործելու համար։ Խոսքը վերաբերում է երեւանյան շուկայում հայտնված «Բարսելոնա», «Ռեալ» անունները կրող պաղպաղակների մասին։ Ընկերության փաստաբան Լեւոն Ղազարյանը, Հանձնաժողովի պատիժը մեղմացնելու համար, հայտարարեց, որ  բանավոր համաձայնություն ունեն այդ ակումբների ղեկավարների հետ, նույնիսկ դիմել են Մտավոր սեփականության պաշտպանության գործակալություն՝ դրանք գրանցելու նպատակով, սակայն դեռեւս պատասխան չեն ստացել։ Սակայն փաստաբանի այս բարձրագոչ հայտարարությունը հանձնաժողովի անդամների վրա տպավորություն չթողեց, եւ նրանք միաձայն քվեարկեցին ընկերությանն անբարեխիղճ մրցակցության համար տուգանելու օգտին։