Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքից առաջ բերման ենթարկված ակտիվիստներ, ՀԽ անդամներ Գեւորգ Սաֆարյանը եւ Սմբատ Բարսեղյանն ազատ են արձակվել:

Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Սաֆարյանն ասաց, որ իրենց պատճառաբանել են, որ բերման են ենթարկել ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով:

«Ինչ-որ բաներ գրեցին, ջնջեցին, մեր մոտից ոչինչ չգտան ու բաց թողեցին»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը: 

Հիշեցնենք, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել էր, որ Գեւորգ Սաֆարյանի վրա կասկածելի իր է եղել, ոստիկանները խնդրել են հանել եւ ցույց տալ իրենց, Սաֆարյանը հրաժարվել է, ինչի պատճառով նրան բերման են ենթարկել:

«Ընդդիմության» միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ Սաֆարյանին բերման են ենթարկել, քանի որ նա թույլ չի տվել, որ ոստիկանները խուզարկեն իրեն: Նրա խոսքով՝ ոստիկանները խուզարկում են բոլոր հրապարակ մտնողներին, խուզարկել են նաեւ իրեն:

Նշենք, որ 2 ակտիվիստների հետ բերման էին ենթարկել նաեւ մեկ այլ քաղաքացու` Միքայել Նահապետյանին, նրան նույնպես բաց են թողել:

Նշենք, որ որը ըստ հանրահավաքի կազմակերպիչների՝ այսօր տրվելու է համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը, եւ նրանք չեն հեռանալու, մինչեւ չհասնեն իշխանափոխության: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիներին կոչ է արել իրենց հետ վրաններ բերել հանրահավաքին, թեեւ քաղաքապետարանը մերժել էր Ազատության հրապարակում վրան տեղադրելու թույլտվության՝ «Նոր Հայաստանի» դիմումը: