Հնդկաստանի Չհատիսգարհ նահանգում մաոիստ գրոհայինները հարձակվել են պարեկություն իրականացնող ոստիկանների վրա, որի հետեւանքով մահացել է առնվազն մեկ ոստիկան, եւս մեկը վիրավորվել է, գրում է The Times of India թերթը:

Պայթյունի պահին ոստիկանները պարեկություն էին իրականացնում Քանքերի շրջանի Մարկանար գյուղի մոտ գտնվող անտառում: Գրոհայինները գործի են դրել ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դեպքի վայր են մեկնել անվտանգության լրացուցիչ ուժեր:

Հարձակվողներին հայտնաբերելու գործողություն է սկսվել, նրանց թիվը չի նշվում:

Այս օրերին Չհատիսգարհ նահանգի մի շարք շրջաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներն այն բանից հետո, երբ գրոհայինները հայտարարել են իրենց սպանված առաջնորդների հիշատակի շաբաթ: Նրանք մտադիր են հարձակումներ իրականացնել ոստիկանների ու զինվորականների վրա, ինչպես նաեւ նոր անդամներ հավաքագրել:

1980 թվականից ի վեր Հնդկաստանում մաոիստ գրոհայինների հարձակումների հետեւանքով ավելի քան 20 հազար մարդ է մահացել, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել: