Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը որոշել է չմասնակցել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին: Այս մասին քիչ առաջ NEWS.am-ին հայտնեց Արմեն Ամիրյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների այն լուրերն, ըստ որոնց, ինքը հրաժարվել է կատարել պաշտոնակատարի պարտականությունները: «Ես այդ պաշտոնում պաշտոնակատար եմ, ոչ նշանակվել եմ, ոչ էլ ընտրվել եմ: Ես դիմում չեմ գրել, որ հիմա էլ հրաժարականի դիմում գրեմ:  Պարզապես որոշել եմ չմասնակցել հայտարարվելիք մրցույթին»,-նշեց Ամիրյանը՝ չմանրամասնելով, թե ինչն է իր այդ որոշման պատճառը:

Ինչ վերաբերում է այն լուրերին, ըստ որոնց, Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնում Արմեն Ամիրյանին փոխարինելու է «Շարկ» ընկերության տնօրեն Գագիկ Բունիաթյանը, Ամիրյանն ասաց. «Նա դեռ չի փոխարինել, բայց եթե փոխարինի, շատ ուրախ կլինեմ»:

Արմեն Ամիրյանը նշել է, թե իրեն հիմնականում անհանգստացնում է այն տեղեկատվությունը, թե ինքը չի ցանկանում ստանձնել պաշտոնը, քանի որ կան հանրայինի նախկին գործունեության հետ կապված ֆինանսական չարաշահումներ: Այդ մասին տեղեկություններ հրապարակվել են մամուլում: Ըստ Ամիրյանի՝այդպիսի բան չկա, որեւէ ֆինանսական չարաշահման խնդիր չկա, պարզապես այլ հարց է, որ իրեն ավելի հոգերահարազատ է ռադիոն, ինչի համար էլ նա իր թեկնածությունը չի դնելու Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի համար շուտով հայտարարվելիք մրցույթին:

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթը պետք է հայտարարի Հանրային հեռուստառադիոխորհուրդը: Մրցույթի անցկացման ժամկետը, սակայն, դեռեւս հայտնի չէ: