Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում, նոյեմբերի 30-ից իր աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը, որտեղ քննարկվել է նաեւ Հայաստանի «Քոչարի. Ավանդական խմբապար» հայտը:

Կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկեց Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը:

Հայաստանյան պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայեց փորձագիտական խմբի նախնական որոշումը: Կոմիտեի անդամների, փորձագետների եւ ՀՀ պատվիրակության անդամների միջեւ ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատեց, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսեւորում, տարածված է Հայաստանում եւ Սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը: