Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, կառուցվել է համայնքը սնուցող մայր ջրատար եւ ջրամատակարարման ներքին ցանցի ջրագիծ՝ ընդհանուր 4 կմ երկարությամբ:

Ջրագծի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ծովագյուղ համայնքի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը, համայնքի բնակիչներ:

«Գիտակցելով մարզերի եւ մայրաքաղաքի համաչափ զարգացման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մի շարք նախագծեր է իրականացնում երկրի ամենախոցելի համայնքներում: Ծրագրերն իրականացնելիս մենք շեշտը դնում ենք կենսական նշանակության ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաեւ արդեն գոյություն ունեցողների կատարելագործման վրա: Ծովագյուղ համայնքի գրեթե կեսը երկար տարիներ զրկված էր կայուն ջրամատակարարումից, սակայն այդ անարդարությունն արդեն շտկված է, եւ այժմ մի քանի հասարակական հաստատություններ եւ 250 ընտանիք եւս ապահովված կլինեն խմելու ջրով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գյուղում առկա ջրամատակարարման համակարգը բաժանված է 2 մասի: Բնակչիների գրեթե կեսն ապահովված է 12-ժամյա ջրամատակարարմամբ, մինչդեռ մյուս կեսն հնարավորություն ուներ օգտվել ջրամատակարարումից օրական ընդամենը 2-3 ժամ:

Համայնքում իրականացվող նախագիծը ներառում է ջրագծի վերակառուցում` միտված ջրամատակարաման համար նախատեսված ջրի պաշարի ավելացմանը, եւ ջրաչափերի տեղադրում, ինչը կնպաստի բնակիչների կողմից ջրի խնայողաբար օգտագործմանը եւ տնտեսմանը: Այս ամենն իր հերթին կօգնի ջուրն ավելի արդյունվետ օգտագործել եւ ավելի մեծ թվով շահառուների՝ կայուն ջրամատակարարմամբ ապահովել:

Աշխատանքների մի մասը՝ 4 կմ երկարությամբ ջրագծի անցկացումն, արդեն իրականացված է: Արդյունքում` գյուղի մանկապարտեզը, դպրոցն, ամբուլատորիան, գյուղապետարանը եւ գրեթե 250 տուն ապահովվել են 10-ժամյա ջրամատակարարմամբ: Ջրաչափերը տեղադրելուց հետո, ինչը կիրականացվի մյուս տարվա սկզբին` համայնքի միջոցներով, Ծովագյուղի բնակիչների մի մասը կունենա 24-ժամյա, իսկ մյուս մասը՝ 12-ժամյա ջրամատակարարում:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող` ջրամատակարարման բարելավման նախագծի շրջանակում 2015 թվականին կայուն ջրամատակարարմամբ է ապահովվել նաեւ Լուռու մարզի Չկալով գյուղը: Աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարբեր մարզերի եւս չորս համայնքում: