Ընտրական համակարգը երկու խնդիր պետք է լուծի. նախ՝ ապահովի տարբեր շերտերի, ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը Խորհրդարանում եւ երկրորդը՝ ապահովի արդյունավետ կառավարման համակարգ։ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Այո եւ ոչ» ռեալիթի շոուի շրջանակում Արզնի գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Այո»-ի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով Սահմանադրության նախագծի խնդրահարույց դրույթին՝ ԱԺ ընտրությունների 2-րդ փուլին։
«Այո»-ի ճակատի ներկայացուցչի խոսքով՝ այս երկուսի հաշվառմամբ պետք է ընտրել այն ընտրական համակարգը, որը պետք է փորձի լուծել այս խնդիրները։
«Մեծամասնական ընտրական համակարգը լուծում է արդյունավետության խնդիրը, որովհետեւ միշտ նպաստում է որեւէ մեծամասնության ձեւավորմանը, այդ թվում կայուն մեծամասնությանը, բայց չի ապահովում ներկայացուցչական բնույթը։ Համամասնականն էլ ապահովում է ներկայացուցչական հարցը, բայց ունի այլ խնդիր՝ չի նպաստում մեծամասնության ձեւավորմանը։ Մենք անցնելով համամասնականի՝ լուծում ենք ներկայացվածության խնդիրը, բայց մենք պետք է լուծենք նաեւ մյուս խնդիրը։ Շատ երկրներ, ինչպիսին են Գերմանիան, Խորվաթիան, Սլովենիան, այդ խնդիրը չեն լուծել։ Իրենք ասում են՝ ով առաջին փուլում հարաբերական մեծամասնություն է ստացել, ինքն էլ ստանում է կառավարություն ձեւավորելու անհրաժեշտությունը եւ 2-րդ փուլի անհրաժեշտություն չկա»,-մանրամասնել է Թովմասյանը՝ շեշտելով, որ սա էլ ունի իր բացասական կողմը։
Ըստ Թովմասյանի՝ երկրորդ փուլ չանելով՝ չի ձեւավորվի արդյունավետ աշխատող մեծամանասնություն։ Այսինքն՝ բյուջեն, օրենքները չեն անցկացվի։ Իսկ եթե չի ձեւավորվում այդ կայուն մեծամասնությունը, նոր ընտրություններ են հայտարարվում։
Կայուն մեծամասնությունը ապահովվում է դաշինքներ կազմելով։





























