ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին եւ հանդես եկել ելույթով:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում Բակո Սահակյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ բանակի տեխնիկական հագեցվածությունը համապատասխան մակարդակի վրա պահելու ուղղությամբ եւ դրա համար ոչինչ չեն խնայի:
Նա նշել է, որ ժամանակակից սպառազինության հետ մեկտեղ, անհրաժեշտ է բարձր պահել նաեւ զինվորների մարտական ոգին, ինչն իրենից ներկայացնում է միջոցառումների բազմաբնույթ փաթեթ` ներառելով հոգեբանական, դաստիարակչական, սոցիալական եւ մի շարք այլ հիմնախնդիրներ:
Անդրադառնալով վերջերս Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումներին` ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը դրանք որակել է որպես ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ, որոնք սպառնալիք են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար եւ ընդգծել, որ ագրեսիան կանխելու ամենաարդյունավետ միջոցը` նրան ուժգին հակահարված տալն է: «Եթե դա չկատարվի, ապա անկայունության սահմանները անպայմանորեն կընդլայնվեն»,-ասել է նախագահը:
Նա բարձր է գնահատել Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, ինչի լավագույն ապացույցն է հակառակորդի բոլոր սադրանքների արդյունավետ կասեցումը:
Երկրի ղեկավարը սեպտեմբերի 4-ին Ջրաբերդի ուղղությամբ հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի առաջխաղացման փորձը հաջող կասեցնելու համար մի խումբ զինծառայողների հանձնել է պետական պարգեւներ:




























