Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուի եւ Հայաստանի հարցով զեկուցող Գորան Լինդբլադի հակահայ հայտարարությունները մեկ անգամ եւս վկայում են այն մասին, որ չնայած նրանց զբաղեցրած պաշտոններին՝ այդ մարդկանցից օբյեկտիվություն սպասելն ամենաքիչը միամտություն կլիներ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը։

«Չկա հակահայ մի փաստաթուղթ, որի տակ չլինի Լինդբլադի ստորագրությունը, եւ այդ մարդը պետք է կազմի Հայաստանի մոնիթորինգային զեկույցը. պարզ է, որ այդ փաստաթղթում օբյեկտիվիզմի մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Նաղդալյանը՝ ընդգծելով, որ նույն բանը կարելի է ասել նաեւ Չավուօղլուի մասով։

Նշենք, որ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուօղլուն հերթական անգամ հանդես է եկել ադրբեջանա-թուրքական հայտարարությամբ։ «Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները իր բոլոր հարեւանների հետ։ Հայաստանի հետ հարաբերություններում կարեւոր է «ադրբեջանական բռնազավթված տարածքների» ազատագումը»,- նշել էր Չավուշօղլուն։

Լինդբլադն իր հերթին ավելացրել էր, որ Շվեդիայի ձախ բլոկի կուսակցությունները ցանկանում էին ԵՄ եւ ՄԱԿ մտցնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը։ «Այդ նախաձեռնությունը ձախողելու համար ձայն տվեք «Մոդերատ» կուսակցությանը եւ այլ աջ կուսակցություններին»,- ասել էր նա։