Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը այսօր՝ դեկտեմբերի 2-ին, քննարկել են ՀՀ-ում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթները:
ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը եւ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայում գտնվում է դատաիրավական բարեփոխումների փուլում, որի իրականացման համար անհրաժեշտ է կարգավորել նաեւ դատափորձագիտական գործունեության ոլորտը: «Հայաստանում այս ոլորտը մեծ կարեւորություն է ձեռք բերել, ինչը պայմանավորված է երկրում միջազգային առաջադեմ փորձի կիրառմամբ: Դատական փորձաքննությունների պատշաճ եւ ժամանակին իրականացումը, դրա արդյունքում սահմանված, բոլոր պահանջներին համապատասխանող եզրակացությունը` քրեական, վարչական, քաղաքացիական գործերով, պատշաճ արդարադատության կարեւորագույն գրավականներից մեկն է»,- ասել է նախարարը եւ ընդգծել, որ դատական գործերով վարույթների շրջանակում ապացուցման գործընթացում առավել կարեւոր դեր եւ նշանակություն է տրվում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների վրա հիմնված մասնագիտական եզրակացություններին: Նախարարը շեշտել է, որ դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել դատական փորձագետների դերը՝ ապահովելով փորձաքննությունների հավաստիության բարձր աստիճան եւ որակ:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նշել է, որ դատափորձագիտական գործունեությունը սերտորեն կապված է մարդու իրավունքների պաշտպանության հետ:
«Փորձագետների գործունեության որակը եւ նրանց եզրակացությունները պետք է արված լինեն բացառապես գիտականորեն, արժանահավատ մեթոդների հիման վրա»,- ասել է դեսպանը եւ հավելել, որ այս նախագծով պետք է ամրապնդել արդար դատաքննության իրավունքներն ու իրավահավասարության սկզբունքը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան-քննարկումը շարունակվել է շահագրգիռ կողմերի՝ ոլորտի փորձագետների մասնակցությամբ:





























