Ռեժիմը որեւէ կերպ մտադիր չի սահմանադրական բարեփոխումների միջոցով ստեղծել ավելի ժողովրդավարական իրավիճակ։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը։
Նրա խոսքով, փորձում են ահաբեկումների միջոցով խոչընդոտել հեղափոխության գործընթացին։ «Փորձ է արվում հենց հրապարակում ստեղծել այդ մթնոլորտը։ Ականատես եղանք, թե ինչպես են ապօրինի խուզարկումներ արվում հենց հրապարակում։ Ռեժիմը բացահայտում է նաեւ իր ոչ կոմպետենտությունը։ Մեր խաղաղ գործողություններին հակադրեցին ապօրինի գործողություններ»,- նշեց նա։
Ընդդիմության միացյալ շտաբի խոսնակ Վարուժան Ավետիսյանն էլ իր հերթին նշեց, որ ոստիկանությունը ժողովրդին վատություն անելու իր տարերքի մեջ է։ «Անընդհատ փորձում է խոչընդոտներ հարուցել հովանոց դնելու հարցում, մեր իրերը այստեղ դնելու հարցում»,- նշել է Ավետիսյանը։
Նա նաեւ հայտնել է, թե ոստիկանության լեյտենանտը այսօր հարձակվել է Գեւորգ Սաֆարյանի վրա, փորձել են բերման ենթարկել, եւ ժողովուրդը թույլ չի տվել անել դա։
Հրապարակում նաեւ երկրորդ դեպքն է եղել։ Մի քանի ժամ առաջ մի քանի հոգի մոտեցել են ցուցարարների մեքենային, ծակել են ռադիատորը։ Անողները փախել են, իսկ ոստիկանությունը արհամարհել է քրեական տարրերին հայտնաբերելու կոչերը։ «Մենք գործ ունենք ցածր եւ փոքր մարդկանց հետ, եւ դա եւս մի հիմք է, որ կարողանալու ենք հաղթահարել նրանց դիմադրությունը»,- ասել է Ավետիսյանը։
Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին հանրահավաք եւ երթ է արել, որի ընթացքում մի քանի միջադեպեր են գրանցվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Երթից հետո «Նոր Հայաստանը» անժամկետ նստացույց էր սկսել Երեւանի Ազատության հրապարակում։





























