Սահմանադրական փոփոխությունների ընդունումը կվկայի, որ Հայաստանի ժողովուրդը ընտրել է սոցիալական անարդարությունը որպես կյանքի սկզբունք։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
«Այս սահմանադրությունը գրվել է այն մարդկանց համար, ովքեր ի սկզբանե վստահ են, որ իրենք են թելադրողները։ Բացարձակ եւ անբարոյական սուտ է, որ շուկայական տնտեսությունը սոցիալական անարդարություն է նշանակում։ Պետությունը պիտի կատարի ընտրողների պատվերը։ Իսկ մենք պատվիրել ենք, որ պետությունը կարգավորի շուկան։ Իսկ պետությունը մեր հարկերով բոլորին դարձրեցին ֆինանսական շուկայի ստրուկը։ Եւ մենք այժմ սահմանադրությամբ ուզում ենք վավերացնել այս իրողությունը։ Սա ենք ուզո՞ւմ»,- ասաց Խառատյանը։ Ի պատասխան հնչեց բազմության «Ոչ»-ը։
«Եթե սահմանադրության փոփոխություններն անցնեն, իշխանությունները իրավունք կստանան որեւէ մեկին թոշակ չտալ։ Իշխանությունը լիովին իրավունք կունենա ասել՝ւ դու ես տվել այդ իրավունքը, որ քեզ այդ իրավունքից զրկենք»,- ասել է Խառատյանը։
Ըստ ազգագրագետի՝ նոր նախագիծը ավելացնում է իշխանության իրավասությունները, իսկ պարտավորությունները գցել են հասարակության վրա։
Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին հանրահավաք եւ երթ է արել, որի ընթացքում մի քանի միջադեպեր են գրանցվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Երթից հետո «Նոր Հայաստանը» անժամկետ նստացույց էր սկսել Երեւանի Ազատության հրապարակում։





























