Բուրունդիի մայրաքաղաքում եւ արվարձաններում տարբեր միջադեպերի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ 1 ոստիկան: Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Պիեռ Նկուրիկիեն:
Մայրաքաղաք Բուժումբուրայի Նյակաբիգի շրջանում 1 ոստիկան զոհվել, եւս 4-ը վիրավորվել է զինյալների հետ բախումների հետեւանքով: Ըստ Reuters-ի, մայրաքաղաքի տարբեր շրջաններում 5 դի է հայտնաբերվել: Մեկ այլ շրջանի բնակիչներ էլ հաղորդել են, որ մոտոցիկլով անհայտ տղամարդը նռնակ է նետել բարերից մեկի ուղղությամբ, ինչի հետեւանքով 2 մարդ է զոհվել, 3 հոգի՝ վիրավորվել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, մայիսի սկզբին Բուրունդիում մի քանի շաբաթ տեւած ցույցերից հետո պետական հեղաշրջման փորձ կատարվեց: Պատճառը նախագահ Պիեռ Նկուրունզիզայի՝ երրորդ ժամկետով առաջադրվելու մասին որոշումն էր: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով, ցույցերի մեկնարկից ի վեր երկրում առնվազն 240 մարդ է սպանվել:





























