Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը հաջողված է, քանի որ եւ «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցները հնարավորություն են ունեցել ամբողջությամբ ներկայացնել իրենց դիրքորոշումները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողներ հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

«Ես կարծում եմ, որ քարոզչությունը լավ էր կազմակերպված, իսկ «Այո եւ Ոչ» ռեալիթի շոուն նոր խոսք էր քարոզչության ոլորտում: Բոլորը հնարավորություն ունեցան հավասարապես հայտնել իրենց դիրքորոշումը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ»,-նշեց ՀՀԿ պատգամավորը:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀԿ գրասենյակի եւ կառավարության մոտ ծաղիկներ դնելու փորձին՝ Արտակ Դավթյանը նշեց, որ ծաղիկներ ոչ թե ՀՀԿ գրասենյակի, այլ «Ժառանգության» մոտ պետք է դրվեն:

Ըստ Արտակ Դավթյանի՝ սպիտակ վարդերը պատահական Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին բաժին չհասան:

«Հանգուցյալն ինքն իր վրա չի կարող ծաղիկ դնել, տվել է ոստիկանության ներկայացուցչին, որ դեկտեմբերի 6-ից հետո առքով-փառքով իր վրա դնեն»,-ասաց ՀՀԿ պատգամավորը: