Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների կազմակերպման համար «Իսլամական պետությունը» ընդամենը 30 հազար եվրո է ծախսել, այս մասին հինգշաբթի Ֆրանսիայի մայրաքաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի Ֆինանսների նախարար Միշել Սապենը:

«Վերջերս կատարված հարձակումների արժեքը, այդ հարձակումների ֆինանսավորումը կարելի է արտահայտել 30 հազար եվրոն չգերազանցող գումարով »,- հայտնել է Ֆինանսների նախարարը:

Հանցագործները, նրա խոսքով, ահաբեկչական գործողությունները ֆինանսավորել են՝ փողը հավաքելով «շատ փոքր գումարներով », որոնց հետեւելը շատ բարդ է, մասնավորապես էքսպրես վճարման քարտերի միջոցով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ֆրանսիայի Ֆինանսների նախարարության հետաքննությունների հարցերով հատուկ ծառայության՝ Tracfin-ի տվյալներով, նման քարտերով են վճարել  այն մեքենաների ու բնակարանների համար, որոնք ահաբեկիչներին պետք են եկել ահաբեկչություններին նախորդած 48 ժամերին:

Սապենի խոսքով նույնիսկ փոքր գումարների տեղաշարժը վերահսկելը կարող էր առանցքային նշանակություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում, եթե այդ քարտերի տվյալները քննչության մյուս տարրերի հետ համեմատելու հնարավորություն հայտնվեր:

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ իշխանությունները մտադիր են հեշտացնել ահաբեկչության մեջ կասկածվողների անձնական տվյալների հասանելիությունը Tracfin-ի համար: