Ընդդիմությունը կարողացավ լինել ամենուր եւ մեր քաղաքացիներին նոր լիցք հաղորդեց։ Այդ մասին Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխություների դեմ «Ոչ»–ի ճակատի հանրահավաքին ասել է «Ոճ»-ի ճակատի ներկայացուցիչ Արշակ Մուսախանյանը։

«Սա հաղթական արշավ է, որի հիմքում ընկած է քաղաքացիների հետ անկեղծ զրույցը, իսկ իշխանությունը երբեք անկեղծ չի եղել ժողովրդի հետ։ Լինելով անկեղծ եւ տանելով գրագետ քարոզչություն՝ «Ոչ»-ը ամբողջ Հայաստանին դարձրեց իր համակիրը»,- ասել է Մուսախանյանը՝ հավելելով, որ ժողովուրդը «Ոչ» է ասում, որովհետեւ դրա մեջ է տեսնում ապագայի նկատմամբ հույսը։

««Այո»-ի քարոզը այնքան կեղծ էր, որ նույնիսկ վիրավորանք էին առաջացնում։ Դրա վրա ծախսած միլիոնավոր դրամները աշխատում էին ընդդեմ «Այո»-ի։ Ավելի անկեղծ էր Չիլիի բռնապետ Պինոչետը, որը սահմանադրության փորձ կատարելուց ներկայանում էր որպես Չիլիի հավերժ նախագահի թեկնածու։ Դա չի հաջողվել Պինոչետին, չի հաջողվելու Սերժ Սարգսյանին»,- նշել է նա։

Մուսախանյանը ասել է, թե անհրաժեշտ է դեկտեմբերի 6-ին դարձնելու Սերժ Սարգսյանին եւ իշխող ռեժիմին անվստահություն հայտնելու համազգային օր. «10 րոպե դիր քո ապագայի համար»։

Թեեւ հանրահավաքը հրավիրել է «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն, ըստ էության այսօրվա հանրահավաքը համատեղ է լինելու` դեկտեմբերի 1–ից հրապարակում անժամկետ հանրահավաքներ ու նստացույց սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ, որի կազմում են «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Ժառանգությունը»։

Այնուամենայնիվ, ՀԱԿ–ը հայտարարել է, որ չի միանալու «Նոր Հայաստանի» նստացույցին: Հանրահավաքին կհաջորդի երթ։