«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանը ոստիկանությունում իր դեմ կիրառված բռնության փաստի դեպքով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լրագրողը:

Հիշեցնենք, որ 2014թ. փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստները մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս Երեւանի Սարյան փողոցում վեճի էին բռնվել մի խումբ երիտասարդների հետ, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Համացանցում հայտնվել էր նաեւ տեսանյութ, որտեղ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն է գործադրվում: Լրագրողի խոսքով, ոստիկանները բաժնում խլել էին իր տեսախցիկը, իսկ բաժնի պետը հարվածել էր իրեն: Դեպքի առթիվ ՀՔԾ-ում  ՀՀ ՔՕ 164-րդ եւ 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2015թ. հուլիսին ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունը 1.5 տարի անց ավարտվել է. լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու, նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպք չի հաստատվել, ոստիկանների կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու հանգամանքները չեն հիմնավորվել: