ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար միակ ընդունելի ձեւաչափն է, որը վայելում է ԵԱՀԿ բոլոր անդամների վստահությունը։ Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության մեջ, որն արվել է Բելգրադում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում։

Հայտարարության համաձայն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները միասնական են մնում ղարաբաղյան  հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց միջնորդ առաքելության հարցում։

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու  ներքո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը։ Վերջին էսկալացիայի ֆոնին մենք կողմերին կոչ ենք անում նորից հաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանը  հավատարիմ մնալու կամքը եւ ցրել ցանկացած թերակարծություն այն  մասին, որ իրենք անլուրջ են տրամադրված բանակցային ճանապարհով լուծում գտնելու հարցին։ Կողմերը պետք է շարունակեն 2014թ. Սոչիի, Ուելսի եւ Փարիզի գագաթնաժողովներում համապարփակ կարգավորման բաղադրիչների շուրջ քննարկումները եւ առկա առաջարկների հիման վրա 2016թ. ակտիվացնեն երկխոսությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Համաձայն հայտարարության՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ զորքերի շփման գծում բռնության զգալի աճը հաշվի առնելով՝ ստատուս քվոն անկայուն է դարձել։ «Մենք հատկապես քննարկում ենք ականանետների եւ այլ ծանր սպառազինությունների օգտագործման հարցը եւ խորապես ցավում ենք, որ այդ զենքի գործածումը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի։

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ խաղաղ բնակչության զոհվելը ոչ մի արդարացում չունի։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս կարճ ժամկետներում թուլացնել լարվածությունը եւ պաշտպանել մարդկային կյանքերը։ Համանախագահներն առաջարկել են ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, այդ թվում՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնք մենք կոչ ենք անում ընդունել»,- նշել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարները։ Նրանք ողջունում են ԿԽՄԿ հովանու ներքո գերիների փոխանակման հարցում առաջընթացը՝ խթանելով ԿԽՄԿ-ի հետ այդ ուղղությամբ հետագա համագործակցությունը։

«Մենք պետք է համոզվենք, որ ԿԽՄԿ-ն բավական միջոցներ ունի այդ մարդասիրական առաքելության լիարժեք իրականացման համար։ Մենք հուսադրող ենք համարում հայ զինվորին եւ սահմանախախտ հայ  կնոջը հայկական կողմին վերադարձնելու Ադրբեջանի ժեստը։ Այդ քայլը համապատասխանում է միջազգային հումանիտար չափանիշներին։ Մենք կողմերին կոչ ենք անում, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 2010թ. Աստրախանի հռչակագրի ոգուն համահունչ, վերադարձնել բոլոր գերիներին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նաեւ պետք է երկխոսություն հաստատվի հարեւան ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Մենք ողջունում ենք այդ նպատակին հասնելու համար ՄԽ միջնորդների հետ կողմերի համագործակցությունը։

Փաստաթղթում նշվում է, որ վերջին տարում շատացել են ԵԱՀԿ ՄԽ-ին քննադատող հայտարարությունները։ «Բանակցություններում հետընթաց գրանցելու համար միջնորդների հասցեին հնչող բոլոր մեղադրանքները ընդամենը փորձ են՝ կոծկել խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտները։ Դրա պատճառը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ոչ բավարար քաղաքական կամքն է։ Մենք կշարունակենք ԵԱՀԿ ՄԽ-ին աջակցող եւ խնդրի լուծման մեջ շահագրգիռ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին տեղյակ պահել։ Մենք նորից հաստատում ենք հակամարտության կողմերի հետ սերտ համագործակցելու մեր պատրաստակամությունը՝ երկարաժամկետ խաղաղության հաստատման մեր ընդհանուր նպատակին հասնելու  համար»,- նշված է Սերգեյ Լավրովի, Ջոն Քերրիի եւ Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության մեջ։