Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքից հետո մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի համատեղ երթը: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվելու են Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով եւ երթն ավարտելու են Ազատության հրապարակում: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ այս պահին երթի մասնակիցները շարժվում են Մաշտոցի պողոտայով։ Երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ։ (ֆոտոռեպորտաժ)
Հաջորդ հանրահավաքը լինելու է Ազատության հրապարակում դեկտեմբերի 6-ին:
Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 3-ին, Երեւանի Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն, հրավիրել էին սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաք: Հանրահավաքին ելույթներ ունեցան նաեւ դեկտեմբերի 1–ից հրապարակում անժամկետ հանրահավաքներ ու նստացույց սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մաս կազմող քաղաքական ուժերի` «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Ժառանգության» առաջնորդները։ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր–Պետրոսյանն այսօր էլ հանրահավաքին չմասնակցեց:
ՀԱԿ–ը հայտարարեց, որ չի միանալու «Նոր Հայաստանի» նստացույցին:





























