Սերժ Սարգսյանը հայաստանյան հեռուստա-ընկերությունների ներկայացուցիչների հետ հարցազրւյցում մատնեց իրեն, որ Սահմանադրական փոփոխությունների ամբողջ ծրագիրն իր անձնական իշխանությունը պահպանելու ծրագիր էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազատության հրապարակում «Ոչ»-ի ճակատի հանրահավաքի ժամանակ ասաց ճակատի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Այսօր նա վերջապես շանս ուներ՝ ժողովրդին ասելու, որ Սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ նախագահի, ոչ էլ Ազգային ժողովի նախագահի պաշտոններին, բայց դրա փոխարեն հայտարարեց, որ այդ մասին կխոսի 2017թ. ընտրություններից հետո»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով՝ «Ոչ»-ի ճակատը «Այո»-ին հաղթել է բոլոր առումներով. «Մենք իրագործել ենք այն նպատակը, որի համար սկսել ենք այս ամբողջ գործընթացը: ՀԱԿ-ը դեռ ամռանն էր ձեւակերպել այս նպատակը՝ հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Կասկածամիտներն ասում էին, որ ժողովուրդը չի համախմբվի, սակայն այսօր ամբողջ ժողովուրդը ոտքի է կանգնել: Մենք իշխանության նկատմամբ առավելության հասանք բոլոր առումներով, իշխանությունները չհամարձակվեցին անգամ մեկ հանրաքվե անցկացնել: Բանավեճերում նույնպես տարանք հաղթանակ»,- ասաց Զուրաբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, որոնք հանգանակություն են կատարել նրանց հիմնադրամին:

Նրա խոսքով՝ հավաքված 5 մլն դրամն իրենց օգնել է լուրջ քարոզարշավ իրականացնել հեռուստատեսությամբ: Դիմելով այն մարդկանց, որոնք չեն հավատում՝ պայքարը կարող է արդյունք տալ եւ մտադիր են չգնալ քվեարկության, Զուրաբյանն ասաց, որ իշխանությունները հենց դրան էլ սպասում են, իսկ ամենից շատ վախենում են նրանից, որ ժողովուրդը զանգվածաբար քվեարկի՝ «ոչ». «Եթե բոլորը զանգվածաբար ոչ քվեարկեն, իշխանությունն իր ընտրակեղծարարության ամբողջ ռեսուրսով անգամ չի կարող խլել հայ ժողովրդի հաղթանակը»:

Ազատության հրապարակում հանրահավաքից հետո մեկնարկեց Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի համատեղ երթը: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվելու են Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով եւ երթն ավարտելու են Ազատության հրապարակում:

Հաջորդ հանրահավաքը լինելու է Ազատության հրապարակում դեկտեմբերի 6-ին:

Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 3-ին, Երեւանի Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն, հրավիրել էին սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաք: Հանրահավաքին ելույթներ ունեցան նաեւ դեկտեմբերի 1–ից հրապարակում անժամկետ հանրահավաքներ ու նստացույց սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մաս կազմող քաղաքական ուժերի` «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Ժառանգության» առաջնորդները։ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր–Պետրոսյանն այսօր էլ հանրահավաքին չմասնակցեց:

ՀԱԿ–ը հայտարարեց, որ չի միանալու «Նոր Հայաստանի» նստացույցին: