Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդի խոսքերն այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգը կարող է վերջ դնել սիրիական հակամարտությանը:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը կարող է ակնթարթորեն վերջ դնել սիրիական քաղաքացիական պատերազմին, եթե Սիրիայի նախագահին կոչ անի հեռանալ պաշտոնից:
«Այսպես: Եկեք հասկանանք: Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես մեզ համոզում են բրիտանացի գործընկերները, եւ Ասադի հեռանալուց հետո խելահեղությունը դադարի, այդ դեպքում ո՞ւր կկորչի ԻՊ-ն: Թե՞ նրանց նույնպես պետք է զանգահարել եւ ասել, որ խաղն ավարտված է: Ուշադրություն՝ հարց. ո՞վ կզանգի ԻՊ-ին»,- Զախարովայի գրառումն է ներկայացնում Gazeta-ն:
Մինչ այդ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էր, որ ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունը կարող է մի քանի տարի տեւել:





























