Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարը քաղաքական նպատակներով չօգտագործել: Այս մասին Բելգրադից հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:

Բելգրադում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի նիստին ունեցած ելույթում թուրք նախարարը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տարածաշրջանում անվտանգությունը լուրջ փորձության է ենթարկվում, իսկ կազմակերպության անդամները կենտրոնացած են ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման որոնումների ուղղությամբ: Նախարարն ընդգծել է, որ հակամարտությունը բազմաթիվ խնդիրներ առաջացրեց տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս, եւ նշել այլ մարտահրավերներ. ահաբեկչություններ Անկարայում, Փարիզում, ռուսական ինքնաթիռի կործանում Սինայի թերակղզում:

Չավուշօղլուն նաեւ հիշատակել է նոյեմբերի 24-ին ռուսական ռմբակոծիչի կործանման հետ կապված միջադեպը: Բավական զուսպ արտահայտվելով՝ թուրք նախարարը հայտարարել է, որ միջադեպի պատճառն ազգային օդային տարածքի խախտումն էր: Նրա խոսքով, չպետք է դա շփոթել ընդհանուր թշնամու դեմ պայքարի հետ: «Չի կարելի ահաբեկչության դեմ պայքարն օգտագործել քաղաքական նպատակներով»,- հայտարարել է նա:

Նախարարը նաեւ վստահեցրել է, որ Թուրքիան ամբողջությամբ իրականացնում է պարտավորությունների իր բաժինը: Ըստ նրա, մարտահրավերների հաղթահարումը խորը երկխոսություն է պահանջում գործընկերների եւ տարբեր կազմակերպությունների հետ: