Ռուսաստանի կողմից իրականացվող էմբարգոն չի կարող միակողմանի լինել։ Այն երկու կողմին էլ վնաս է տալու։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է ՌԴ-ի հետ ճգնաժամին՝ շեշտելով, թե Թուրքիան միշտ պատրաստ է ամեն թեմայով խոսել ՌԴ-ի հետ։

«Միակ բանը, որի մասին չենք կարող խոսել՝ դա մեր սահմանների անվտանգությունն է։ Երբ ՌԴ-ի համար ծանր ժամանակներ էին, Թուրքիան չմիացավ նրա դեմ էմբարգոյին։ Հիմա ՌԴ-ն Թուրքիայի նկատմամբ էմբարգո է կիրառում։ Դա չի կարող միակողմանի լինել։ Երկու կողմին էլ վնաս է տալու։ Պուտինն այսօր լարվածությունը մեծացնող հայտարարություններ է արել։ Նա խոսքերի մեջ պետք է լարվածությունը թուլացնի։ Մենք չենք կարող ընդունել Թուրքիայի հասցեին անհիմն մեղադրանքները»․-ասել է Դավութօղլուն։

Թուրքիայի վարչապետը խոսել է նաեւ Արցախի խնդրից, կրկին ադրբեջանամետ հայտարարություններ արել՝ պնդելով, թե Թուրքիան Ադրբեջանի կողքին է լինելու մինչեւ վերջին մետր հողի վերադարձը։

Խոսելով էներգետիկն նախագծերից, Դավութօղլուն հիշեցրել է, որ TANAP նախագիծը իրականացվում է Ադրբեջանի հետ փոխադարձ վստահության հիման վրա՝ շեշտելով, թե TANAP-ից օգտվելու են նաեւ եվրոպական երկրները։ «Եվրոպացի առաջնորդների հետ զրույցներում էլ ասել եմ, որ ամենավստահելի ճանապարհը Կասպից ճանապարհն է։ Չինաստանի հետ էլ նմանատիպ բանակցություններ եմ վարել։ Մենք Բաքվին տեսնում ենք որպես Ասիայի ծագող աստղ»,-ասել է Դավութօղլուն։