ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է սոցիալական ցանցի միջոցով մտերմիկ հարաբերություններ ստեղծելու արդյունքում խարդախությամբ ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավագ ռադիոհեռախոսավար, Երեւանի 20-ամյա բնակիչ Հ.Խմելյանը 2014 թվականի հունիսի 26-ին հեռախոսակապի միջոցով ծանոթացել է Էջմիածնի մի բնակչուհու հետ, որից հետո նրանք շարունակել են հաղորդակցվել սոցիալական ցանցի միջոցով, որի արդյունքում Հ.Խմելյանի եւ աղջկա միջեւ ձեւավորվել են մտերմիկ հարաբերություներ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Հ.Խմելյանը, խարդախությամբ խոշոր չափերի գույք հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ընկեր, 21-ամյա Ա.Հախյանի հետ, իր ծանոթուհուց գումար է խնդրել՝ պատճառաբանելով, որ պարտքեր ունի: Ստեղծված մտերմության արդյունքոմ աղջիկը համաձայնել է օգնել՝ գումարի փոխարեն առաջարկելով ոսկյա զարդեր։ Երիտասարդը համաձայնել է՝ խոստանալով զարդերը գրավադնել եւ օրեր անց վերադարձնել։
Քննությամբ պարզվել է, որ ծանոթուհուց նախ վերցրել են երկու կտոր ոսկյա զարդ, որոնք վաճառել են ոսկու շուկայում, ապա օրեր անց երիտասարդը պահանջել է այլ ոսկյա զարդեր եւս տրամադրել։ Աղջիկը տանից վերցրել է ծնողներին պատկանող 4 կտոր ոսկյա զարդ եւ դրանք փոխանցել երիտասարդին՝ վերջինիս ասած անձ միջոցով։ Ոսկյա զարդերից 3 կտորը վաճառվել է նույն օրը, իսկ մեկը գրավադրվել, իսկ գոյացած գումարը երիտասարդներն օգտագործել են սեփական կարիքների համար։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ.Խմելյանին եւ Ա.Հախյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն), իսկ Ա.Դարիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակությանը օժանդակելը):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է,եւ գործն ուղարկվել դատարան։





























