Գիոդեզիայի և հողային պետական տեսչությունը Լոռու մարզում պատահականության սկզբունքով ընտրել ու ստուգումներ է իրականացրել Լոռու մարզի 6 համայնքներում և Լոռու մարզպետին միջնորդություն ներկայացրել դրանցից 5-ի ղեկավարներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Հոփարձիում պարզվել է, որ  հողամասերը  տրվել են վարձակալության, կնքվել են պայմանագրեր, սակայն պայմանագրերից ծագող իրավունքները չեն գրանցվել պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումում: Համայնքի ղեկավարին տրվել է ցուցում՝ կնքել պայմանագրերն ու ներկայացնել պետական գրանցման:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարի կողմից արդեն իսկ սկսվել է  խախտումների վերացման գործընթացը, որոշում է կայացվել նրան վարչական պատասխանատվության չենթարկել:

Արջուտում արձանագրվել են հողի օտարման ու արոտավայրերի վարձակալության պայմանագրերի  կնքման խախտումներ: Ստուգումներից հետո պայմանագրերն արդեն իսկ համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով կնքվել և ներկայացվել են մարզպետարան, իսկ օտարման կարգի խախտումների վերաբերյալ վարչական պատասխանատվության կիրառումը հետաձգվել է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լոռու մարզպետարանի հողօգտագործման ու հողաշինության բաժինը նույն հարցով արդեն իսկ 150.000 դրամի չափով վարչական պատասխանատության էր ենթարկել համայնքի ղեկավարին, որը չհամաձայնվելով որոշման հետ, այժմ այն բողոքարկել է դատական կարգով:

Դսեղում կնքված չեն եղել արոտավայրերի օգտագործման պայմանագրերը, ինչի արդյունքում համայնքի ղեկավարը վարչական պատասխանատվության կենթարկվի  100.0000 դրամի չափով:

Փամբակում  ևս արոտավայրերի օգտագործման հետ կապված պայմանագրերը կնքված չեն եղել, համայնքի ղեկավարը, սակայն, ստուգումներից անմիջապես հետո փորձել է ուղղել խախտումներն ու ըստ ամենայնի չի տուգանվի:

Մեդովկայում խախտումներ են եղել արոտավայրերի պայմանագրերի մասով, եղել են նաև  պետական գրանցում չստացած հողամասերի պայմանագրեր: Համայնքի ղեկավարը տուգանվել է 100.000 դրամի չափով:

Սարատովկայում հայտնաբերվել է հողամասի ոչ նպատակային օգտագործման դեպք. տնամերձ հողամասն օգտագործվել է արտադրական նպատակներով և համայնքի ղեկավարը տուգանվել է 150.000 դրամի չափով: