Ռուսական զինվորականները Սիրիայի Զինված ուժերի հրամանատարը չեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այս կերպ նա մեկնաբանել է զինծառայողների պարգեւատրման այսօրվա արարողության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը. «Այն դրականը, որ տեղի է ունենում, ձեր եւ ձեր ընկերների շնորհիվ է, որոնք աշխատում են օդից եւ, ըստ էության, ղեկավարում սիրիական զինվորական ստորաբաժանումները»,- ասել էր Պուտինը:
Պեսկովը պարզաբանել է, որ, «բնականաբար, երբ օդից աջակցություն է իրականացվում, տեղեկատվության ակտիվ փոխանակում է տեղի ունենում, ընդ որում՝ մարտական պայմաններում»: Նրա խոսքով, «հենց դա նկատի ուներ» Պուտինը:
Ըստ ՏԱՍՍ-ի, նա նաեւ հերքել է ենթադրությունները, որ ռուսական զինվորականները ներառված են սիրիական ստորաբաժանումների շարքերում:





























