Երեւանի Մոսկվայի տան կինոսրահում այսօր` դեկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ մարշալների, գեներալների, գնդապետների ու Արցախյան ազատամարտի հերոսների գյուղ համարվող Չարդախլուի մասին պատմող «Չարդախլու՝ հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմի պրեմիերան։ «Չարդախլու՝ հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմը «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» շարքի հերթական ֆիլմն է, որը նկարահանվել է Արցախում եւ Տավուշի մարզի Զորական գյուղում: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որը նույնպես նկարահանվել է ֆիլմում, որտեղ որպես պատմաբան ներկայացնում է գյուղի պատմությունը, նշեց, որ Չարդախլուի պատմությունն անհրաժեշտ է Արցախի ամբողջական պատմությունն իմաստավորելու համար, քանի որ ամեն գյուղի, քաղաքի պատմությունը ամբողջացնում է հայոց պատմությունը:
Արամ Թամրազյանը, որը 18 տարի ապրել է Ադրբեջանի Շամքիրի շրջանում գտնվող Չարդախլու գյուղում, այնուհետեւ բնակություն հաստատել Բաքվում եւ այդտեղից էլ 1969թ. տեղափոխվել Երեւան, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ չարդախլվեցիները 1988թ.-ից սկսած` իրավիճակի պարտադրանքով ստիպված են եղել լքել գյուղը, իրենց հայրական տները, քանի որ գտնվել են Հայաստանի սահմանից հեռու` շրջափակված ադրբեջանական բնակավայրերով: Հայկական գյուղերը, որոնցով մի ժամանակ շրջապատված է եղել Չարդախլուն, հայաթափվել էին եւ դարձել ադրբեջանցիների բնակավայրեր: Ավելի ուշ, հայկական Չարդախլուն նույնպես հայաթափվել է` տեղահանված բնակչությունից 310 ընտանիքը ապաստան են գտել Տավուշի Զորական գյուղում, իսկ մյուսները սփռվել աշխարհի տարբեր երկրներում: Այժմ Չարդախլու գյուղում բնակվում են ադրբեջանցիները, որոնք էլ տիրացել են չարդախլվեցիների տներին, ունեցվածքին ու հողերին:
«Չարդախլվեցիները իրենց հողերը պաշտպանում էին, մերոնք մտադրություն չունեին, որ լքեն գյուղը, բայց, Հայաստանից մեքենաներ ուղարկեցին, քանի որ հնարավոր չէր թուրքերով շրջապատված գյուղում ապրելը, Հայաստանի սահմանից Չարդախլուն բավականին հեռու էր գտնվում եւ մենք հնարավորություն չունեինք այնտեղ մնալու` վտանգավոր էր, դժվար էր, ամեն օր ադրբեջանցիները հարձակվում էին գյուղի վրա: Ստիպված բնակիչներն իրենց ունեցվածքի կեսից շատը թողեցին ադրբեջանցիներին ու լքեցին, բայց չարդախլվեցիներս մինչեւ այսօր հիշում ենք մեր հարազատ բնակավայրը, չենք կարողանում մոռնալ այն, մեզանից շատերը հույս ունեն, որ գոնե մի օր նորից կկարողանանք տեսնել այն»,-պատմեց Արամ Թամրազյանը:
Նախկին չարդախլվեցին հպարտությամբ է նշում, որ Չարդախլուից է, սակայն կարոտով է հիշում վերջին անգամ 28 տարի առաջ տեսած հայրական տունը, կանաչ սարերով ու հանդերով շրջապատված գյուղը, բարի ու բոլորից տարբերվող համագյուղացիներին, բակը, որտեղ խաղում էր, Խաչի սարը, որտեղ չարդախլվեցի տղամադրիկ հերթապահում եւ կռվում էին գյուղի վրա հարձակված ադրբեջանցիների հետ:
«Մեծ խաչքար էր դրված Խաչի սարի գլխին, դրա մոտ չարդախլվեցի տղամարդիկ մշտական հերթապահություն էին անում եւ երբ տեսնում էին, որ ադրբեջանցիները հարձակվում են` իրենց մոտ գտնվող զանգը հնչեցնում էին ու գյուղի բոլոր տղամարդիկ արագ զինվում ու շտապում էին ադրբեջանցիների հետ կռիվ տալու, մերոնք կոտորում էին դրանց: Չարդախլվեցին մինչեւ յոթ թուրք չսպաներ` չէր վերադառնա տուն: Մեր տունը երեք եղբայրներով էինք սարքել, երկհարկանի ամրոց էր, սարքեցինք ու թողեցինք թուրքերին, մնացած ամեն ինչն էլ մնաց դրանց»,-արցունքոտ աչքերով պատմեց Արամ Թամրազյանը:
Նշենք, որ Չարդախլուից է եղել Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, գեներալ մայոր Գուրգեն Մանասյանը, մայոր Միքայել Եգանյանը, բուժակ Պողոս Եղյանը, գնդապետ Սուրեն Եղյանը եւ այլք:






























