Ավելի քան 20 տարի Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բելգրադում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

NEWS.am-ի Բելգրադի թղթակցի փոխանցմամբ, Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն աչք է փակում այն հանգամանքի վրա, որ այդ իրավունքն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկություններում՝ որպես հիմնարար սկզբունքներում:

«Ադրբեջանը հրաժարվում է նկատել, որ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումն ընկած է համանախագահների առաջարկների հիմքում»,- հայտարարել է նախարարը: Նրա խոսքով, առաջարկությունների մերժումը միակ ուղին չէ, որով Բաքուն փորձում է խափանել խաղաղ գործընթացը, նա նաեւ խոսում է ռազմական ճանապարհով հակամարտության լուծման մասին, շարունակում է սադրանքները շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին:

«Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները հասել են վտանգավոր մակարդակի: Բաքուն կանխամտածված հարձակումներ է իրականացնում քաղաքացիական բնակչության դեմ»,- հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը:

«Ադրբեջանն ապրում է պատրանքով, որ կարող է շահել՝ զենքը ձեռքին բանակցություններ վարելով: Մեզ չի զարմացնում, որ համանախագահներն Ադրբեջանին ուղղակիորեն կոչ են անում պահպանել հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմությունը եւ համաձայնել միջադեպերը հետաքննելու մեխանիզմների ստեղծմանը, ինչը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը վաղուց են ընդունել: Համանախագահները նաեւ նշել են, որ ձեւաչափի փոփոխության կամ զուգահեռ մեխանիզմների ստեղծման՝ Բաքվի փորձերը կարող են խանգարել բանակցային գործընթացին եւ առաջընթաց ձեռք բերելուն»,- հայտարարել է Նալբանդյանը:

Նախարարը նաեւ ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտն Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայությունն է: «Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ համանախագահների առաջարկների հիման վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին. նա փորձում է խեղաթյուրված մոտեցումներ ներկայացնել՝ սխալ մեկնաբանելով Լավրովի եւ նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացրած գաղափարները:

Հարկ չկա նշել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պահանջում է տեղում ռազմական գործողությունների դադարեցում, 1994 թվականի հրադադարի մասին կնքված եռակողմ համաձայնագրին եւ 1995 թվականի համաձայնագրին հետեւում: Այս փաստաթղթերը, որոնք ժամանակային սահմանափակում չունեն, համաձայնեցվել եւ ստորագրվել են Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից, եւ կարեւոր պայման են բանակցությունների առաջընթացի համար»,- հայտարարել է նախարարը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանը կնախընտրի շարունակել իր ապակառուցողական քաղաքակայությունը՝ առանց միջազգային վկաների: Դա վերաբերում է նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որի գործունեությունը Բաքուն օգտագործում է քարոզչական նպատակով:

«Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը սերտորեն համագործակցում են ԿԽՄԿ-ի հետ՝ մարդասիրական խնդիրները լուծելու համար, հատկապես՝ անհետ կորածների հարցում: Մենք գնահատում ենք այդ համագործակցությունը, որը պետք է հիմնված լինի չեզոք մոտեցման վրա»,- հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը: