Ռուսաստանի հետ առաջացած խնդիրները իմ ռուս գործընկերոջ հետ առաջին հանդիպմանը չի հաղթահարվել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սերբիայի մայրաքաղաքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե հանդիպման ընթացքում երեւացել է, որ միջադեպի թարմությունը դեռ պահպանվում է։ «Մենք մեր տխրությունը հայտնեցինք ու ցավակցեցինք ռուս օդաչուի մահվան կապակցությամբ։ Հանդիպումը անցավ երկու նախարարներին վայել հասուն մթնոլորտում։ Այն կարեւոր է երկխոսության հնարավորությունները բաց պահելու տեսանկյունից։ Ճիշտ չի լինի ասել, որ առաջին հանդիպմանը խնդիրները հաղթահարվեցին։ Սակայն երկու կողմն էլ չի ցանկանում լարվածությունն ավելացնել։ Այս պահին ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշում չունենք։ Մեր ցանկությունն է, որ ՌԴ-ն հրաժարվի անհիմն պնդումներից»,-ասել է Մեւլութ Չավուշօղլուն։
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո հայտնել էր, թե որեւէ նոր բան չի լսել թուրքական կողմից։





























