Համակարգային խոր ճգնաժամը, որը համակել է ողջ Հայաստանը արդի փուլում, թափանցել է մեր ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական, հոգեւոր ու մշակույթային կյանքի բոլոր ոլորտները:
Այդ մասին ասվում է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունն իր այսօր տարածած հայտարարության մեջ: Ըստ կուսակցության՝ «Նույնիսկ նվազագույն չափով վերծանված մադրիդյան սկզբունքների հակահայկական բովանդակությունը, մեզ հուշում է, որ այն հայանպաստ չէ, այն չի կարող արցախյան հիմնախնդրին արդարացի լուծում տալ եւ հետեւաբար մեզ համար անընդունելի է»: «Արտաքին ուժերի ճնշմամբ ու ուղղորդմամբ, ոչ լեգիտիմ եւ այդ պատճառով խոցելի իշխող վարչակարգը իր կամքից անկախ մխրճվել է մի գործընթացի մեջ, որը, եթե անհապաղ չկասեցվի, գցելու է երկիրը աղետալի ծուղակի մեջ: Հայ զինվորի արյան գնով ազատագրված տարածքները, ոչ թե մանրադրամ են շուկայական առեւտրի համար, այլ հանդիսանում են մեր պատմական հայրենիքի անբաժան մասը»,- նշում են ՍԴՀԿ պատասխանատուները:
ՍԴՀԿ-ն նաեւ գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա բանակցային գործընթացում աղետալի ծուղակ է հանդիսանում Հայաստանի համար տխրահռչակ ճանապարհային քարտեզի դրույթների ընդունումը, որը լի է ազգային արժանապատվությունը ստորացնող, ազգային անվտանգությունը խոցելի դարձնող դրույթներով: «ՍԴՀԿ-ն գտնում է, քանզի Թուրքիան ինքն է միակողմանի նախաձեռնել Հայաստանի հետ սահմանի փակումը, ապա ինքն էլ պետք է մտածի այդ սահմանը բացելու մասին: Այլ խնդիր է, թե Հայաստանը ինչպիսի դիրքորոշում կունենա այդ պարագայում: ՍԴՀԿ-ի կարծիքով մեր երկիրը ոչ պետականորեն, ոչ էլ իրավականորեն դեռ պատրաստ չէ հայ – թուրքական սահմանի վերաբացմանը»:
Կուսակցության պատասխանատուները նշել են, որ ինչպես սոցիալական, այնպես էլ ազգային խնդիրները կարող են լուծումներ ստանալ միմիայն ժողովրդավար երկրում: «Ամենից առաջ անհրաժեշտ է երկրում հաստատել ժողովրդավարություն, որը հիմնարար արժեք է կուսակցության համար: Հենց այդ դրդումով էլ ՍԴՀԿ-ն մաս է կազմել համաժողովրդավարական Հայ ազգային կոնգրեսին, որը կազմաքանդման է ենթարկում իշխող ավտորիտար ռեժիմը: Միայն ժողովրդավարության հաստատմամբ, ազնիվ, հավասար մրցակցության մեջ մտնելով այլ կուսակցությունների հետ, ՍԴՀԿ-ն հնարավորություն կունենա անկաշկանդ քարոզելու եւ իրականացնելու իր կողմից որդեգրած գաղափարներն ու սկզբունքները»,- ամփոփել են հնչակյանները:




























