Եվրոպական հատուկ ծառայությունները կորցրել են Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի հետքը, որի նկատմամաբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Այս մասին դեկտեմբերի 3-ին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ուժային կառույցներում բարձրաստիճան աղբյուրները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ եվրոպական հատուկ ծառայությունները որեւէ պատկերացում չունեն, թե որտեղ է գտնվում Աբդեսլամը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նա ահաբեկչության ժամանակ փոքրոգություն է դրսեւորել եւ չի կարողացել պայթեցնել իրեն։ «Նա սարսափելի վախեցած էր, երբ խնդրել էր բրյուսելցի իր ընկերներին այդ գիշեր տանել իրեն Փարիզից»,- ասել է հեռուստաընկերության զրուցակիցը, փոխանցում է Lenta-ն։
Ըստ առկա տեղեկությունների՝ԻՊ-ը կարող է չընդունել Աբդեսլամին իր շարքերը, եթե նա անգամ վերադառնա Սիրիա։ Բացի այդ, աղբյուրների կարծիքով ահաբեկիչների հաջորդ թիրախը կարող է լինել Մեծ Բրիտանիան, որի օդանավերը սկսել են հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ դիրքերին։





























