Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամներ Սողոմոն Երիցյանը, Յաշա Մելքոնյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը եւ այլոք, ամենայն հավանականությամբ, համաներում հայտարարելուց հետո եւս կմնան բանտում։
Հունիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դռնփակ նիստում հավանություն է տվել հանրապետության նախագահի՝ համաներում հայտարարելու օրինագծին։ Ըստ որոշ տեղեկությունների, համաներումը չի տարածվելու մարտի 1-ի գործով կալանավորված բոլոր անձանց վրա։ Մասնավորապես համաներումի օրինագծում գրված է, որ համաներումը չի տարածվում 5 տարուց ավել պատժաչափի դատապարտվածների վրա։ Համաներումը չի տարածվելու նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2 մասով դատապարտվածների վրա (բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ կյանքի եւ առողջության համար վտանգավոր հետեւանքներով), ինչպես նաեւ 235 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով դատապարտվածների վրա (մարդկանց խմբի կամ խմբավորման կողմից ապորինի զենք կրելը եւ պահելը), սպանության համար դատապարտվածների վրա եւ այլն։
Արժե նշել, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ձերբակալված անդամներ մեջ կան անձինք, որոնք հենց վերոհիշյալ հոդվածներով են մեղադրվում։ Համաներման օրինագիծը կքննարկվի նաեւ ՀՀ Ազգային ժողովի հունիսի 19-ի արտահերթ նիստում, որի ժամանակ հնարավոր է, որ օրինագծում որոշ փոփոխություններ կատարվեն։




























