ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի նախագահի, արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի շնորհավորանքները՝ ընտրվելու կապակցությամբ:

Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է զարգացնել գործընկերային հարաբերությունները Դաշինքի հետ, եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը կծառայեցվի այդ նպատակին:

Դեսպանն ընդգծել է, որ հայկական կողմը կարեւորում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին. առաջիկայում հայ զինվորականները կներգրավվեն նաեւ Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերում:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը՝ գործող ձեւաչափերի շրջանակներում, կարեւորել Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին Հայաստանի մասնակցությունը եւ ընդգծել, որ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությունը շարունակվելու է: