ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից հետո չի առաջադրվի ոչ ԱԺ նախագահի, ոչ վարչապետի պաշտոններում, սակայն միաժամանակ չի բացառում, որ իրավիճակից կախված կարող է որոշումը փոխվել։
Այս մասին պատգամավորն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ 2017-ից հետո կխոսի իր ծրագրերի մասին։
«Սերժ Սարգսյանը բացատրեց, որ եթե 2017 թվականի ընտրություններից հետո , որ պարզվի Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է, նոր ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Մեծամասնության դեպքում մի բան է, փոքրամասնության դեպքում այլ բան։ Դուք կարո՞ղ եք ասել՝ 2017-ի ընտրություններից հետո ով կլինի նախագահ»,-ասաց ՀՀԿ-ականը։
Այն մեկնաբանություններին, թե հայտնի հարցազրույցից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ծրագրերի մասին կխոսի 2017-ից հետո, նա հրաժարվում է իր ավելի վաղ արած հայտարարությունից, որ ոչ մի պաշտոնում չի առաջադրվելու, Հակոբյանը արձագանքեց․
«Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը չի լինելու, ես եմ լսել դա, եւ այս վերջին հանդիպման ժամանակ ասաց՝ ես իմ խոստումները պահող մարդ եմ, իսկ որ շարունակվեց հարցերը, ինքը նոր ասաց՝ էսօր խոսել 2017-ի ընրությունների մասին, ճիշտ չէ»,-հիշեցրեց գործարար պատգամավորը՝ավելացնելով, որ դեռ վաղ է խոսել դրա մասին․
«Էսօր էդ հարցի ժամանակը չէ, տեղին չէ։ Ոչ մեկ չի կարող ասել, թե վաղը ինչ է լինելու։ Վստահ եմ, որ ինքը չի առաջադդրվի։ Բայց կարող է լինել իրավիճակային անկանխատեսելի փոփոխություն, այդ դեպքում բնականաբար ցանկացած մարդ կարող է փոխել որոշումը»,-ասաց մեր զրուցակիցը՝ խուսափելով նշել, թե որ իրավիճակը կարող է ստիպել երկրի ղեկավարին հրաժարվել իր հայտարարությունից։




























