2016 թվականին ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության գլխավոր մարտահրավերը զինված հակամարտություններից հետո վստահության ստեղծումն է: Այս մասին Բելգրադում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 22-րդ նիստի շրջանակում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

Նրա գնահատմամբ, Սերբիայի՝ ավարտվող նախագահությունը դժվարին ժամանակներ անցավ՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակները:

«ԵԱՀԿ-ն ցույց տվեց, որ անհրաժեշտ ինստիտուտ է, եզակի ինստիտուտներից մեկը, որտեղ Արեւմուտքն ու Արեւելքը կարող են միասին ներկայացված լինել: Դա առավելությունների մյուս կազմակերպությունների նկատմամբ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները կշարունակեն հետեւել Ուկրաինայի իրավիճակին, եւ կազմակերպությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ Մինսկի համաձայնություններն իրականացնելու համար:

Սերբիայի ԱԳ նախարարը, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչն իր հերթին ընդգծել է, որ Սերբիան ցույց տվեց, որ կարող է լուրջ գործընկեր եւ վայր լինել, որտեղ կարելի է փոխզիջման հասնել: «Տարին օգտագործվեց նախարարների լավագույն համագործակցության համար, եւ կարծում ենք, որ նպաստեցինք հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- նշեց նախարարը:

Գործընկերներից շուտ նիստից հեռացող Շթայնմայերին Սերբիայի տուրիստական կազմակերպության տնօրենը փոքրիկ նվեր է մատուցել: Ի պատասխան՝ նախարարը կատակել է, որ Գերմանիայում նվերը կարող է լուրջ քննարկումների առարկա դառնալ՝ հաշվի առնելով, որ երբ պաշտոնյաներից մեկը գորգ ստացավ, ստիպված եղավ հաշվետվություն ներկայացնել մամուլին: