Քալիֆորնիական Սան Բեռնարդինոյում ամուսնու հետ հրաձգություն իրականացրած 27-ամյա Թաշֆին Մալիքը Facebook-ում հաղորդել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հավատարմության երդում է տվել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության աղբյուրին:

Միաժամանակ, իշխանությունները Քալիֆորնիայում տեղի ունեցած հրաձգությանն ԻՊ-ի մասնակցության ապացույցներ չունեն:Սակայն իրավապահները բոլոր հիմքերն ունեն ենթադրելու, որ հրաձգության մասնակիցներին ոգեշնչել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը:

Ըստ Reuters գործակալության, կասկածյալները կարող էին կրակ արձակել այն բանից հետո, երբ նրանց գործընկերներից մեկը բացասաբար է արտահայտվել իսլամի մասին: Ամերիկյան պաշտոնյաների մեկի խոսքով, հրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ տոնական միջոցառման մասնակիցներից մեկն ասել է, որ իսլամը «վտանգավոր» է:

Քալիֆորնիայի Սան Բեռնարդինո քաղաքի՝ սահմանափակ հնարավորություն ունեցողների օգնության կենտրոնում հարձակումն իրականացվել է դեկտեմբերի 2-ին: Հայտնի է, որ Թաշֆին Մալիքն ու Սաիդ Ռիզվան Ֆարուքը մասնակցել են կենտրոնում անցկացված տոնական միջոցառմանը, որի ընթացքում կրակ են բացել հավաքվածների ուղղությամբ: Միջադեպի հետեւանքով 14 մարդ զոհվել է, 17 հոգի՝ վիրավորվել: Ավելի ուշ ոստիկանության կողմից հետապնդվելիս հարձակվողները գնդակահարվել են: