Դերասան Սերգեյ Դանիելյանը դեմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին:

«Ինձ անհանգստացնում է միայն այն, որ նախաձեռնողը այսօրվա իշխանությունն է: Այս կառավարումը ինձ չի գոհացրել, ոչ մի գործառույթ չի արվել, որ ես գոհ լինեմ: Այս իշխանությունը ինչ որ առաջարկի, ես կաշխատեմ իրեն օգնել, կասեմ ոչ, որ հասկանա, թե ինչ անի մյուս քայլը»,-  այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերից մեկի հարցին ի պատասխան ասել է Սերգեյ Դանիելյանը:

Սերգեյ Դանիելյանը նշել է, որ նոր Սահմանադրության նախագծին չի ծանոթացել ու չի էլ պատրաստվում:

«Ես երբեք ոչ մի Սահմանադրություն չեմ կարդացել, չեմ կարծում, որ որեւէ առողջ քաղաքացի ամբողջությամբ երբեւիցե կարդացել է: Դպրոցում են անցնում, հետո առնչվում են այն ժամանակ, երբ պետք է գալիս»,- ասել է նա:

Սերգեյ Դանիելյանը ասել է նաեւ, որ վիրավորվում է, երբ իրեն հարցնում են՝ «Ոչ»-ի ճակատից է, թե «Այո»-ի, քանի որ, իր կարծիքով, առողջ քաղաքացին չի ուղղորդվում որեւէ ճակատով, անում է այն, ինչ ուզում է: