Լոռիում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ձորն ընկած Թբիլիսի-Երեւան միկրոավտոբուսի՝ հիվանդանոց տեղափոխված երեք ուղեւորները ժամեր առաջ դուրս են գրվել Վանաձորի բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վանաձորի բժշկական կենտրոնից:
Տուժածներից 26-ամյա Դորիանա Հենդրե Մանուելան, որը Ռումինիայի Հանրապետության քաղաքացի է ու Երեւան էր գալիս ընկերոջ հետ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց կարծիքով՝ միկրոավտոբուսը շրջվել է մերկասառույցի պատճառով:
«Ճանապարհը պատված էր մերկասառույցով, վարորդը կորցրեց ղեկավարումը եւ մենք պտտվեցինք ճանապարհի մեջտեղում, մեքենայում 7 ուղեւոր կար, մենք բոլորս վնասվածքներ ստացանք, բայց, բարեբախտաբար, որեւէ մեկս լուրջ չտուժեցինք, մեզ մեքենայից օգնեց դուրս գալ վարորդը, այնուհետ օգնության շտապեցին նաեւ քաղաքացիները»,- պատմեց Դորիանա Մանուելան, որը վթարի հետեւանքով ձեռքի կոտրվածք է ստացել:
Մյուս երկու ուղեւորները՝ Ռումինիայի քաղաքացի, 32-ամյա Ռոշու Կալին Գիորգին եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 43-ամյա Բալյան Բախշին ստացել են կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ եւ քերծվածքներ:
Հիշեցնենք, որ այսօր՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այսօր՝ դեկտեմբերի 4-ին Թբիլիսիից Երեւան ուղեւորվող միկրոավտոբուսն ընկել էր մոտ 5 մետր խորությամբ ձորը: Վթարի հետեւանքով երեք ուղեւոր տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն:




























