Ուկրաինան բավականաչափ գազ ունի՝ ձմեռն անցկացնելու համար, սակայն 1.5 մլն տոննայի չափով ածուխի դեֆիցիտ կա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Մենք պահուստարանում 16 մլրդ խ.մ. գազ ունենք, կկարողանանք ձմեռն անցկացնել առանց Ռուսաստանից գազ գնելու»,- ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է պաշտոնյան:

Միաժամանակ, վարչապետի խոսքով, Կիեւն աշխատում է Եվրամիության երկրներից գազի գնման համար վարկ ստանալու ուղղությամբ:

Ըստ Ունիանի, Յացենյուկը նաեւ ասել է, որ ածուխի դեֆիցիտը կազմում է 1.5 մլն տոննա: Վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում էներգետիկ անվտանգության հարցը քննարկելու առաջարկով: