Ահաբեկչական ցանցը, որը կանգնած է Փարիզում զանգվածային սպանությունների հետեւում, կապված է Մեծ Բրիտանիայում ապրող մարդկանց հետ, պարզել է The Wall Street Journal-ը:

Մի քանի մարդ, որոնց կասկածում են «Իսլամական պետության» գրոհային եւ ահաբեկչական ջոկատի ենթադրյալ պարագլուխ  Աբդելհամիդ Աբաուդի` հետ կապեր ունենալու մեջ, գտնվում են Բիրմինգհեմի շրջանում` Լոնդոնից դեպի հյուսիս-արեւելք:  Այդ գրոհների հետ կապ ունեցող առնվազն մեկ մարդ մինչեւ ահաբեկչությունը ուղեւորություն է կատարել դեպի Մեծ Բրիտանիա:   

Մեծ Բրիտանիայի իր մեծությամբ երկրորդ քաղաքում հատուկ ծառայությունների տվյալներով, կան մարդիկ, որոնք կապված են իսլամական ծայրահեղականության հետ: Ջունայդ Հուսեյնը  (Աբու Հուսեյն Ալ-Բրիտանին), որը ծագումով Բիրմինգհեմից է, Սիրիա է մեկնել եւ դարձել է ԻՊ-ի առաջատար ցանցահենը:  

Բրիտանական հատուկ ծառայությունները թղթապանակներ ունեն մի քանի հազար մարդու վերաբերյալ, որոնք իբր կապված են երկրում բռնի գործողությունների դիմող ծայրահեղականների հետ, չնայած խստացված հսկողության տակ է գտնվում նրանց ընդամենը մի փոքրիկ մասը, գրում է  Lenta-ն:

Փարիզյան ահաբեկիչների գործունեության հետքերն ի սկզբանե հայտնաբերվել էին Բելգիայում: Այնտեղ մի շարք հատուկ գործողություններ են իրականացվել, մի քանի հոգի ձերբակալվել է: Դեկտեմբերի 4-ին Բրյուսելում պաշտոնյաները հայտնել են, որ որոնման մեջ է գտնվում արդեն ոչ թե երկու, այլ չորս կասկածյալ:  Շարունակվում է Սալահ Աբդեսալամի որոնումը, որը ենթադրաբար մասնակցել է ահաբեկչական գործողություններին, բայց կարողացել է փախչել:  

Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացվել, որոնց հետեւանքով  130 մարդ է զոհվել, ավելի քան 350 մարդ տուժել է:  Գրոհների համար պատասխանատվություն է ստանձնել ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊմ ԴԱԻՇ) խմբավորումը: Նոյեմբերի 19-ին` Սեն Դենիում գործողության ընթացքում վերացվել է գրոհների շարքի ենթադրյալ կազմակերպիչ Աբաուդը, որը մարոկոյական ծագմամբ Բելգիայի քաղաքացի էր: