ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, թե շաբաթ օրը իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում կայացած իր եղբորորդու եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանի դստեր հարսանիքին որեւէ պաշտոնյա ներկա չի եղել: «Մեր կողմից միայն ապարանցիներ էին, հարսանիքին ոչ մի պաշտոնյա չի եղել»,-ասել է Ալեքսանյանը: Հարցին, թե ինչով էր առանձնանում այդ հարսանիքը. օրինակ, Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի զավակների հարսանիքին մի քանի տոննա վարդ էր բերվել, պատգամավորը պատասխանել է. «Ծառուկյանի հնարավորություններն ո՞վ ունի: Մեր հարսանիքը սովորական հայկական հարսանիք էր»: Փորձելով խուսափել հարսանիքի վերաբերյալ թերթի ուղղած հարցերից՝ Ալեքսանյանը հայտարարել է. «Ես ապարանցի եմ, 50 տոկոս սկիդկա ունեմ» ու հավելել, որ զբաղված է Գյումրիում իր շաքարի գործարանի փորձարկմամբ:  Պատգամավորն ասել է նաեւ, որ գործարանը բացվելու է այս ամսվա վերջին, ժապավենն էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է կտրելու: