Ամերիկյան New York Times պարբերականի առաջին էջին վերջին 95 տարվա ընթացքում առաջին անգամ խմբագրական հոդված է հայտնվել: Դրանում խոսվում է Կալիֆորնիայի կրակոցներից հետո ԱՄՆ-ում  զենքի վաճառքը սահմանափակելու անհրաժեշտության մասին:

«Վերջ դնել Ամերիկայում զենքի համաճարակին» (End the Gun Epidemic in America) հոդվածի հեղինակները ամերիկացի քաղաքական գործիչներին մեղադրում են նրա համար, որ նրանք հարստանում են զենքի վաճառքից, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու փոխարեն: 

«Այն փաստը, որ քաղաքացիները կարող են օրինական եղանակով զենք գնել, որը նախատեսված է մարդկանց արագ եւ արդյունավետ սպանության համար, բարոյական հանցանք է եւ ազգային ամոթ», - ասվում է հոդվածում:

Ինչպես նշում են NYT-ի հոդվածի հեղինակները, եթե Ֆրանսիայում, Բրիտանիայում եւ Նորվեգիայում իշխանությունները փորձեր են անում սահմանափակելու զենքի շրջանառությունը, ԱՄՆ-ի իշխանությունները սոսկ խրախուսում են զենքի շուկայի զարգացումը:  

Հասարակական վայրերում գնդակոծության հետագա դեպքերից խուսափելու համար հոդվածի հեղինակներն առաջարկում են արգելել հրաձգային որոշ տեսակների վաճառքը, օրինակ` ռազմական հրացանների, որպիսիք օգտագործվել են կալիֆորնիական Սան Բերնարդինո քաղաքում հարձակման ընթացքում: 

New York Times-ը վերջին անգամ 1920-ին էր խմբագրական հոդված դրել իր առաջին էջին: Հոդվածը քննադատություն էր պարունակում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության թեկնածու Ուորրեն Ջ. Հարդինգի հասցեին, տեղեկացնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: