«Հայլուր»-ի նախկին թղթակից Սյուզան Սիմոնյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրում որպես կամավոր աշխատած եւ դպրոցի աշակերտուհու հանդեպ բռնությունը փաստագրած Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հալածանքը։ «Այս թեմայով ռեպորտաժներ պատրաստելու ինձ որեւէ խնդրանք, առաջարկ Մարիամ Սուխուդյանի կողմից չի եղել։ Ռեպորտաժները սարքել եմ իմ նախաձեռնությամբ»,- ասաց Սյուզան Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Սյուզան Սիմոնյանը այն լրագրողն էր, ով «Հայլուր»-ի համար ռեպորտաժ էր պատրաստել Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցում դասատուի կողմից աշակերտուհու նկատմամբ իրականացված սեռական ոտնձգության մասին, եւ որից հետո ռեպորտաժների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը հետաքննություն էր անցկացրել։ Արդյունքում 2009թ. փետրվարի 11-ին հարուցվել է N12105809 քրեական գործը` բայց ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով` զրպարտության մեղադրանքով: Աշակերտուհուն մեղադրել էին զրպարտության մեջ։ Սակայն ավելի ուշ՝ օգոստոսի 13-ին Մարիամ Սոխուդյանը ստացել է ծանուցագիր, որով նրան կանչել են ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին հարցաքննության` արդեն որպես մեղադրյալ։ Մարիամ Սուխուդյանը եղել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կամավորական խմբի մեջ, որը 2008 թ. մարտին Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրում ծրագիր էր իրականացնում։ Նա իր մոտ եղած տեսախցիկով դպրոցում նկարել էր աշակերտուհուն, որի նկատմամբ ուսուցչի կողմից սեռական ոտնձգություներ է իրականացվել։ Հետագայում «Հայլուրի» լրագրող Սյուզան Սիմոնյանն իր ռեպորտաժներում օգտագործել է այդ տեսանյութը։

Սյուզան Սիմոնյանը ասաց, որ Մարիամի մոտ եղած տեսաձայնագրությունը նա նույնիսկ շատ մեծ դժվարությամբ է տրամադրել՝ վախենալով աղջիկներին վնասելուց։ «Այն որ նա գիտակցաբար կեղծ տեղեկություններ է տվել, հերքվում է, ես ինքս եմ խնդրել նրան, որ տա տեսանյութը»,- ասում է Սիմոնյանը։ Լրագրողը նաեւ պատմեց, թե ինչ դժվարությամբ է կարողացել համոզել աղջիկներին՝ հարցազրույց տալու։ Նույն բարդություններին է հանդիպել նաեւ դպրոցում։ Առաջին օրը ուսուցիչները պատնեշ են կազմել եւ չեն թողել նրան մուտք գործել դպրոց։ Հաջորդ օրը, երբ ստացվել է դպրոց մտնել, ուսուցիչները ողջ ժամանակ աշակերտների մոտից չեն հեռացել։

Ի դեպ դպրոցում կատարվածի մասին տեղեկացրել են նաեւ կրթության եւ գիտության նախարարության համապատասխան մարդկանց։ Կամավորականների խմբի անդամ Հրայր Սավզյանը պատմում է, որ երբ նրանք նախարարության ներկայացուցիչ Նուրիջան Մանուկյանին ասել են, թե բացի սեռական ոտնձգություններից, երեխաներին այնտեղ նաեւ ծեծում են, ներկայացուցիչը պատասխանել է, որ «ծեծը դա շատ նորմալ երեույթ է, մեր ազգի մոտ կա, դեռեւս Ջիվանին է գովերգել ծեծը»։ Նշենք, որ Սյուզան Սիմոնյանը ռեպորտաժների ցուցադրությունից անմիջապես հետո նա ազատվել է աշխատանքից։ Ինչպես ինքն ասաց. «Պաշտոնապես ինձ ազատել են ճգնաժամի պատճառով»։