Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել: Անհայտ անձինք հարձակվել են հրապարակում շուրջօրյա հավաքի մասնակից, գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանի վրա, հարվածել եւ վիրավորել նրան:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ միջադեպին միջամտել է Հայկ Կյուրեղյանի եղբայրը՝ Արեգ Կյուրեղյանը, որին միջադեպը հրահրած երկու երիտասարդների հետ հրապարակում հերթապահող ոստիկանները բերման են ենթարկել:
Հարձակման ենթարկված Յուրա Աթոյանը մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է, որ երիտասարդները ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի աջակիցներն են:
«Մանվել Գրիգորյանի հասցեին մի քանի օր առաջ լավ բաներ էի ասել, չեմ ասի՝ ինչ, 18 երիտասարդ եկան Ազատության հրապարակ, վառած սիգարետը շպրտեցին վրաս, ասեցին՝ արա, դու՞ էս մեր ախպորը բան ասել ու հարձակվեցվին վրաս, զարկեցին: Էդ պահին Հայկի ախպերը դուրս եկավ ինձ պաշտպանելու ու ոստիկանները բերման ենթարկեցիրն Արեգին ու դրանցից երկուսին»,-ասաց ազատամարտիկը:
Ավելի ուշ Յուրա Աթոյանին որպես տուժողի ոստիկանության բաժին են տարել ցուցմունք վերցնելու նպատակով:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի փոխանցմամբ, հարձակվողները եղել են «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի եւ Էջմիածնի կառույցների 12-15 անդամներից բաղկացած մի խումբ՝ Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ։




























