Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հայտնել է, որ իր երկիրը էներգիայի մատակարարումների հարցում կարող է գլուխ հանել առանց Ռուսաստանի:  Նա Ռուսական գազի փոխարինիչ է գտել Ադրբեջանում եւ Կատարում, գրում է  «Իզվեստիան»:

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան Ռուսաստանից նավթի եւ գազի  առանցքային գնորդ է, սակայն այժմ թուրք առաջնորդը վստահ է, որ կարող է  «այլ մատակարարներ գտնել» եւ բերել է Կատարի եւ Ադրբեջանի օրինակը: 

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց հակաթուրքական պատժամիջոցներ կիրառել  Սու-24-ի կործանմանն ի պատասխան, Անկարան բանակցային գործընթաց սկսեց այլ հնարավոր գործընկերների հետ: Մասնավորապես, դեկտեմբերի  3-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն տեղեկացրել է Ադրբեջանի հետ մինչեւ  2018 թվականը ԹԱՆԱՊ գազատարի մուտքի մասին: 

Այս նախագիծը նախատեսում է Շահ-Դենիզ հանքավայրի գազը Թուրքիայի տարածքով հասցնել մինչեւ Եվրոպայի սահման: Գազատարի կառուցումը սկսվել է   2015-ին: Դրա նախնական ամենամյա թողունակությունը, ըստ պլանների կկազմի   16 մլրդ խորանարդ մետր: