Թուրքական CNNturk կայքէջի թղթակից Յալըմ Էրալփը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ իր հրապարակումը վերնագրելով «Թուրք-հայկական հարաբերությունները եւ ապագան»:
«Երկու հարեւան երկրներ, մեկը մյուսին ճանաչում են, սակայն այնպիսի դիրք են գրավել կարծես իրար չեն ճանաչում: Դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանները փակ են: Մեկը մյուսին ցեղասպանության մեջ է մեղադրում, իսկ մյուսը ասում է, որ փոխադարձ կոտորած էր: Կառավարությունները խուսափում են խոսելուց եւ հասարակական կազմակերպություններն են գործի անցել: Օգտակար էլ եղավ: Մեկը մյուսին հասկանալու խնդրում մի որոշ ճանապարհ անցան: Նախագահները միասին ազգային հավաքականների խաղը դիտեցին: Այնուհետ հանդիպումներ եղան, խնդիրները լուծելու նպատակով: Ցեղասպանության „պնդումները“ մեր տեսանկյունից կազմում են հարցի պատմական եւ հոգեբանական կողմը, իսկ հայերի համար այն ավանդաբար, որպես ինքնության հարց է, միավորող տարր: Նախկինում Թուրքիան այս խնդիրը չի քննարկել եւ ասել է, որ դա պատմաբանների գործն է եւ ժամանակի հետ այն կանցնի: Թուրքիան հայ եւ այլ պատմաբանների աշխատանքներին 1980 ականներից հետո սկսեց պատասխան տալ: Դրա ճանապարհը բացեց հանգուցյալ դեսպան Քամուրան Գյուրուն, որի աշխատանքը ֆրանսերեն լեզվով էր եւ կոչվում էր „Հայկական դոսիե“:
2002 թվականին Կովկասյան անվտանգության խնդրով NATO-ի եւ մի հայկական հասարարակական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպված կոնֆերանսին ես նույնպես հրավիրված էի: Ապրիլի 24-ը հայերի համար ցեղասպանության հիշատակի օրն է: Մի մեծ հուշարձան են կանգնեցրել եւ թանգարանն էլ կողքին: Արարատ լեռն էլ երեւում է: Այդ օրը ամբողջ Հայաստանը սգո արարողության մեջ է: Քաղաքում կյանքը կանգնած էր: Ազդու մի արարողություն էր: Ֆիլհարմոնիկ նվագախումբն էր այնտեղ, 1962 թվականին Ստամբուլից եկած Չեքիջյանի գլխավորությամբ: Խնդրին անծանոթ բոլորը կհավատան ցեղասպանությանը, թեկուզ Թուրքիան ասի „այսպես կոչված“ ցեղասպանություն, միեւնույնն է, ամբողջ աշխարհը կհավատա: Իսկ երեկոյան նահատակների համար Վերդիի ռեքվիեմն է հնչում: Ցեղասպանության հուշահամալիր այցելողները ծառեր են տնկում: Տեսա, որ պաստառների վրա գրված է 1.5 միլիոն հայերի հիշատակի համար: Կարճ ասած հայերը հիշատակի օրը վերածել էին պաթետիկ մի արարողության: Հուշարձանին տասնյակ հազարավոր կակաչներ էին դնում: Կարմիր կակաչի միջի սեւ սերմերը ցավն էին խորհրդանշում: Նախագահ Քոչարյանը սպիտակ մեխակ դրեց: Հուշարձանի կրակը 24 ժամ վառվում է: Հայերը հավատում են, որ իրենք ամեն հարցում անմեղ են:
Այն կոնֆերանսը, որին մասնակցեցի, ցեղասպանության հետ կապ չուներ: Սակայն խնդրին անդրադարձողներ եղան: Երբ ասացի, որ ոչ մեկս անմեղ չենք, այդպես պարզ չեղավ՝ հասկացողներ եղա՞ն, թե՞ չէ: Սակայն ամեն դեպքում հասկացողը հասկացավ:
Թուրքական թեզ. Ցեղասպանություն չէ
Պատմաբանների մի մասը 1914-1915 թվականների իրադարձությունները ցեղասպանություն չի համարում։ Այդ պատմաբաններից են David Fromkin, Brian Williams, Avigdor Levy, Michael Gunter, „College de France“-ի պրոֆեսորներից Gilles Veinstein, իտալացի Stefano Trichese, Augusta Sinagra եւ այլն։ Նրանք հիմնականում նշում են որ տասնյակ հազարավոր հայեր են կոտորվել, բայց հիշատակում են նաեւ նշանակալի թվով կոտորված թուրքերին։ Այս հարցում հակասություն չկա։ Հակասությունը թվերի մեջ է։ Հայերը շեշտում են 1.5 միլիոն հայեր, իսկ պրոֆ. Justin McCarthy-ն գտնում է, որ այդ թիվը չափազանցված է։ Հայերի պնդած կարեւոր կետերից մեկը տեղահանությունն է։ Հայերին երկրի մի մասից մյուս մասն են ուղարկել։ Տեղահանությունը նշում են, որպես ցեղասպանության ապացույց։ Դարֆուրի համար ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը 2005 թվականի հունվարի 25-ի զեկույցում նշում է, որ բռնի տեղահանությունը ցեղասպանության իմաստ չի կրում, եթե իրականացվում է անվտանգության նկատառումներով։ Որոշ թուրք լրագրողներ նույնպես սա նշում են։
Բացի այդ, թուրք պատմաբանները մեծ ուշադրություն են դարձնում Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու 1923 թվականի Բուխարեստի մանիֆեստին, որտեղ նշվում է, որ հայ պարտիզանական ջոկատները դեռեւս Օսմանյան կայսրության կողմից պատերազմի մեջ չմտնելը, արդեն զինվում էին եւ Հայաստանի անկախության հավատով առանց ամաչելու փաթաթվում Ռուսաստանին։ Կարճ ասած հայ պարտիզանները մեղավոր են։
Ցեղասպանության արտահայտությունը մարդկության դեմ իրականացված հանցանք է։ 1948 թվականին ՄԱԿ-ը որոշում է կայացրել, ըստ որի ցեղասպանություն եղելությունը որոշում է դատարանը եւ դատարանն է մեղադրում ցեղասպանության համար անձին կամ անձանց։
Սակայն մի բան պարզ է, թե զոհված հայի, թե զոհված թուրքի համար հնարավոր չէ ցավ չապրել։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացմանը խանգարող հանգամանքները
Ըստ Հայաստանի արտգործնախարարության վեբ կայքի՝ Թուրքիան երեք պայման է առաջ քաշում։ 1՚. Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում եւ որոշ շրջաններից հայկական ուժերի հետ քաշում։ 2. Հայոց ցեղասպանության պնդումներից հրաժարում։ Սակայն այս պայմանը իրական չեմ համարում եւ չեմ կարծում, որ կիրականացվի։ 3. Թուրքիա սահմանների ճանաչում Հայաստանի կողմից։
Հայաստանի տնտեսությունը ծնկի է իջել։ Ասում են 3.5 միլիոն բնակչությունից մնացել է մոտ 2 միլիոն։ Եթե սահմանը բացվի շրջանառությունը նախնական շրջանում կհասնի 300-400 միլիոն դոլարի։ Պետք է բացվի երկաթգիծը եւ ցամաքային սահմանը։ Թուրքիան սահմանը փակել է Ադրբեջանի պահանջով։ Ադրբեջանը պնդում է, որ բաց սահմանը աջակցություն կլինի հայերի կողմից „գրաված“ տարածքները պահելուն։ Այդ ժամանակից ի վեր, սահմանի փակ լինելը ցանկալի արդյունքը չտվեց եւ Ադրբեջանի նախագահը պետք է հասկանա դա եւ հրաժարվի այդ գաղափարից։
Սահմանը փակ պահեցինք եւ Հայաստանը այլ ուղիներ գտավ։ Հայաստանի եւ Իրանի միջեւ գազատար կառուցվեց։ Հայաստանը համագործակցում է Իրանի եւ Ռուսաստանի հետ։
Մենք չենք կարող սպասել, որ Հայաստանը հրաժարվի ցեղասպանության „պնդումներից“։ Այս խնդիրը իրենց համար ինքնության հարց է դարձել։ Հայաստանը ցեղասպանության „պնդումների“ խնդրում պետք է իրավական ճանապարհը ընդունի։ Ցեղասպանության խնդիրը հարաբերությունների կարգավորման հարցում անհրաժեշտություն չէ։
Ինչպես առաջարկում էր մեր հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալը, հայ-թուրքական սահմանին պետք է տեղադրվի հուշարձան նվիրված զոհված հայերին եւ թուրքերին։
Ադրբեջանին պետք է համոզենք։ Ադրբեջանցիները մեզ մեղադրեցին այն բանում, որ որպես Նաբուկոյի հիմնական կողմ ցանկանում էինք գազի 15 տոկոսը եւ արգելակեցինք դրա առաջընթացը։
Ցեղասպանության խնդրում Հայաստանին եւ միջազգային հանրությանը պետք է առաջարկվի իրավական ճանապարհ։
Սահմանների եւ Կարսի պայյմանագրի ճանաչումով սահմանը պետք է բացվի։
Եւ ամենից առաջ Թուրքիան իր քաղաքացի հայերի դժվարությունները պետք է անդրադառնա եւ այդ խնդիրները պետք է լուծի։
Պատմությունը չենք կարող մոռանալ, սակայն ապագան միայն պատմության հետ չպետք է ձեւավորենք
Շվեցարիայում տեղի ունեցած բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերը հասել են սահմանի բացման եւ սահմանների ճանաչման խնդրում համաձայնության։ Պատմաբանների հանձնաժողովի հարցում էլ նույնպես համաձայնություն կար։ Սակայն, ինչպես երեւում, վերջին պահին ադրբեջանական բողոքի ալիքը սահմանի բացումը ջուրը գցեց», — գրում է Յալըմ Էրալփը։




























